Միջազգային

Քաղաքական գործիչներից ովքե՞ր են մահացել 2024թ. (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է, թե 2024թ. աշխարհի որ գործիչներն են հեռացել կյանքից։

1. Էբրահիմ Ռաիսի

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին զոհվել է 2024 թվականի մայիսի 19-ին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով։ Ուղղաթիռը կործանվել է Իրանի Վարզաղանում՝ Ադրբեջանից Թավրիզ թռչելիս։ Ուղղաթիռում եղել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմաթին և Արևելյան Ադրբեջանում գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Մոհամմադ Ալե-Հաշեմը։ Իրանի պետական հեռուստատեսությունը մայիսի 20-ին հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով: Որոնողա-փրկարարական խմբերը, որոնց աջակցում էին մի քանի օտարերկրյա կառավարություններ, որոնում էին ուղղաթիռը այն բանից հետո, երբ մայիսի 19-ի ուշ երեկոյան այն վայր էր ընկել երկրի լեռնային տարածքում՝ վատ եղանակային պայմաններում: Նշենք, որ Ռայիսին Թեհրան էր վերադառնում Ադրբեջանի հետ սահմանից։ Այնտեղ նա Իլհամ Ալիևի հետ մասնակցում էր սահմանային Արաքս գետի վրա ամբարտակի բացման արարողությանը։ Ամերիկյան Time ամսագրի վարկածով նա ընդգրկվել էր 2021 թվականի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։

2. Ալեքսեյ Նավալնի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատ, ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին՝ 47 տարեկան հասկաում, ՌԴ-ի «Բևեռային գայլ» հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։ 2024 թվականի փետրվարի 14-ին հաղորդվել էր, որ Նավալնին իր ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ ուղարկվել է տուգանային մեկուսարան։ Հաջորդ օրը նա մասնակցել է Վլադիմիրի շրջանային դատարանի նիստին, որտեղ «իրեն նորմալ է զգացել, ինքնազգացողության վերաբերյալ բողոքներ չի հայտնել, ակտիվորեն հանդես է եկել, փաստարկներ ներկայացրել ի պաշտպանություն իր դիրքորոշման»։ Փետրվարի 16-ին Յամալա-Նենեցական ինքնավար օկրուգում հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Նավալնին զբոսանքից հետո կորցրել է գիտակցությունը։ Փորձել են վերակենդանացնել նրան, սակայն ապարդյուն։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են կալանավորի մահը։

3. Հասան Նասրալլա

«Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան սպանվել է սեպտեմբերի 27-ին՝ Բեյրութի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով: Նրա հետ միասին սպանվել են նաև «Հեզբոլլահի» մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Նասրալլան 64 տարեկան էր։ Նա «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար էր դարձել 1992 թվականին` այն բանից հետո, երբ սպանվեց խմբավորման նախկին առաջնորդ Աբբաս ալ Մուսավին։

4. Յահյա Սինվար

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարին սպանել են Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում, երբ իսրայելական զինված ուժերը հարվածել են այն տանը, որտեղ նա թաքնվում էր: Նրա հետ ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի մի շարք ղեկավարներ: Իսրայելի դատաբժշկության կենտրոնը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը մահացել է գլխի հրազենային վնասվածքից։ Դիահերձման արդյունքների համաձայն՝ Սինվարի մարմնի վրա տանկից արձակված արկի հետևանքով այլ վնասվածքներ էլ են հայտնաբերվել։ Յահյա Սինվարը համարվում էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման գլխավոր կազմակերպիչը։

5. Իսմայիլ Հանիե

2024թ հուլիսի 31-ին Թեհրանում սպանվեց «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն։ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են Իսրայելի հատուկ ծառայությունների գործողությունների ժամանակ՝ ավիահարվածի արդյունքում։ Հանիեն Թեհրան էր մեկնել՝ մասնակցելու նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը։ Երեք ամիս անց, ի պատասխան Հանիեի սպանության, Իրանն աննախադեպ հարված հասցրեց Իսրայելին՝ արձակելով մոտ 500 տարբեր տեսակի, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ:

6. Ջոն Պրեսկոտ

Միացյալ Թագավորության նախկին փոխվարչապետ Ջոն Պրեսկոտը մահացել է նոյեմբերի 21-ին՝ 86 տարեկան հասակում։ Ընտանիքի անդամների խոսքով՝ Պրեսկոտը Ալցհեյմերի հիվանդություն ուներ և մահացել է խնամքի հաստատությունում։ Պրեսկոտը, երբ Թոնի Բլեերի կառավարությունում էր, օգնել էր հարթել սուր հակասությունները լեյբորիստների և արհմիությունների հարաբերություններում: Ջոն Պրեսկոտը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողն է եղել։

Մանմոհան Սինգհ

Դեկտեմբերի 26-ին 92 տարեկանում մահացավ Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը:

Նա համարվում է լիբերալ տնտեսական բարեփոխումների հեղինակը, որոնք թույլ տվեցին Հնդկաստանին դառնալ ամենաարագ զարգացող երկրների շարքում: