Միջազգային

«Ադրբեջանին պետք չեն թուրքական ռազմաբազաներ»․ Ալիև

Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի մտացածին ծրագրերի մասին տեղեկությունները քաղաքական շահարկումներ են․ հայտարարել է Իլհամ Ալիևը Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում։

«Եթե կարճ՝ Ադրբեջանին պետք չէ։ Եթե մի փոքր ընդլայնեմ պատասխանս, ապա պետք է ասեմ, որ դրա կարիքը չկա»,– ասել է նա:

Ալիևը նշել է, թե Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում կա կետ, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի և ագրեսիայի դեպքում․ «Դա թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի պարտավորությունն է օգնության հասնել այն դեպքում, եթե այս կամ այն երկիրը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին ագրեսիայի։ Ուստի հռչակագրի այս կետն, ըստ էության, բացարձակապես ավելորդ է դարձնում այս կամ այն տարածքում մշտական ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»։

Ալիևը նշել է, որ ավելի քան 30 տարիների ընթացքում Թուրքիան և նրա ռազմական կառույցները մեծ դեր են խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման և մարտունակության, գործողությունների պլանավորման, իրավիճակի վերլուծության, ռազմական հետախուզության ներուժի բարձր չափանիշների բերելու գործում: Նա ընդգծել է, որ Բաքուն Անկարայի շնորհիվ հասել է «ռազմական գործողությունների օպերատիվության բարձր աստիճանի»: