Միջազգային

«Էրդողանն այն մարդն է, ում հետ ես շատ լավ եմ շփվել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կարևոր դեր կունենա Սիրիայի ապագայի որոշարկման հարցում: Նա ընդգծել է, որ Թուրքիան «իր ձեռքում կպահի Սիրիայի իրադարձությունների բանալին»՝ հաշվի առնելով զինված ընդդիմության վերջին հաջողությունները Բաշար Ասադի կառավարության դեմ:

Թրամփը բարձր է գնահատել Թուրքիայի ռազմական ներուժը՝ նշելով, որ նրա բանակը «պատերազմից չի մաշվել»: Փալմ Բիչի մամուլի ասուլիսին ժամանակ նա հավելել է, որ «Թուրքիան աջակցել է ապստամբներին և առանց մեծ մարդկային զոհերի իշխանության փոփոխություն իրականացրել»:

 Նախագահը նաև կարևորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դերը. «Էրդողանն այն մարդն է, ում հետ ես շատ լավ եմ շփվել… Նա ստեղծել է շատ ուժեղ, հզոր բանակ»։

Ակնարկելով Օսմանյան կայսրության պատմությունը՝ Թրամփը եզրակացրել է. «Նրանք այս տարածքը երազում էին հազարավոր տարիներ և հիմա ստացան այն»: