Միջազգային

Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել Կոբախիձեի նկատմամբ

Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ եւս 13 բարձրաստիճան պաշտոնյաների ու դատավորների դեմ։ Նրանց մուտքն Էստոնիա արգելվել է։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Մարգուս Ցահկնան X-ի իր միկրոբլոգում։

«Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել ևս 14 պետական ​​պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Կոբախիձեի նկատմամբ։ Վրաստանի իշխանությունների կողմից ցուցարարների, լրագրողների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ կիրառված բռնությունն անընդունելի է, հանցավոր և հակասում է մարդու իրավունքներին։ Ես կոչ եմ անում ԵՄ բոլոր երկրներին արձագանքել այն ամենին, ինչ տեղի է ունենում Վրաստանում և կոնկրետ միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր չարդարացված ուժ և դաժան բռնություն են կիրառում վրաց ժողովրդի դեմ և խարխլում ժողովրդավարությունը», - գրել է քաղաքական գործիչը։