Միջազգային

Դպրոցականների վրա դանակով հարձակված դեռահասի ծնողներին կարտաքսեն ՀՀ

Դատարանը որոշել է Ռուսաստանից Հայաստան արտաքսել Կրասնոդարի դպրոցում վերջերս դանակով իր հասակակիցների վրա հարձակված դեռահասի ծնողներին. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմինները:

Իշխանությունների տվյալներով՝ դեկտեմբերի 6-ի երեկոյան, Կրասնոդարի թ.94 դպրոցում վիճաբանելու հետևանքով երկու դեռահաս են դանակահարվել։ ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի տվյալներով՝ հոսպիտալացվել է 4 երեխա:

Քննիչները քրեական գործ են հարուցել անփութության և խուլիգանության դեպքերի առթիվ։ Ինչպես ավելի ուշ ճշտել են շրջանի օպերշտաբում, բոլոր տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից և տեղափոխվել ամբուլատոր բուժման:

Չորեքշաբթի օրը դատարանը մերժել է խուլիգանության մեջ կասկածվող դպրոցականի կալանքը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի գործողությունների արգելումը. նրան չի կարելի դպրոց գնալ և օգտվել համացանցից:

«Նրա ծնողների առնչությամբ դիտարկվում է ՌԴ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ հոդվածի 1-ին մասը (Ռուսաստանում մուտքի կանոնների և կացության ռեժիմի խախտում)», - ասել Է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք Կուբան են ժամանել Հայաստանից։

Այս հոդվածի խախտումը կարող է հանգեցնել մինչև 5 հազար ռուբլի վարչական տուգանքի՝ Ռուսաստանի սահմաններից դուրս արտաքսմամբ:

Դպրոցում տեղի ունեցած կոնֆլիկտից հետո Կրասնոդարի Պրիկուբանսկի շրջանի դատախազությունը ստուգումներ է սկսել։