Վաշինգտոնն ու Անկարան համաձայնության են եկել Սիրիայի ճգնաժամի կարգավորման և երկրի ապագայի հարցում. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Կարծում եմ՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, լայն իմաստով, համաձայնություն կա այն հարցում, թե մենք ինչ կցանկանայինք տեսնել ապագայում Սիրիայում՝ սկսած կառավարության ձևավորումից», - հայտարարել է Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո:
Պետքարտուղարը հույս է հայտնել, որ Սիրիայի նոր իշխանությունները կհրաժարվեն ցանկացած ծայրահեղական խմբավորումների հետ համագործակցությունից և սպառնալիք չեն ներկայացնի հարևանների համար: Պետքարտուղարի խոսքով՝ Սիրիայի ապագա կառավարության աշխատանքը պետք է ուղղված լինի, մասնավորապես, կանանց, ինչպես նաև էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը:
Բլինքենը նաև հույս է հայտնել, որ Սիրիան թույլ կտա քիմիական զենքի որոնումներ իրականացնել իր տարածքում և վերացնել այն, եթե գտնվի: