Միջազգային

Չնայած հիասթափությանը՝ Շոլցը պատրաստ է կրկին զրուցել Պուտինի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բաց է Կրեմլի հետ հետագա երկխոսության համար՝ չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազանգից հետո նրա հասցեին հնչող քննադատություններին։ RTL հեռուստաալիքի եթերում Շոլցն ասել է, թե Պուտինի հետ զրույցը հիասթափեցնող էր, բայց պատրաստ է կրկնել այն։

«Դա պետք է տեղի ունենա, և ես դա նորից կանեմ։ Բայց պետք չէ պատրանքներ տածել այդ կապակցությամբ»,- հավելել Է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ Նա Պուտինի հետ երկխոսությունը «հիասթափեցնող» է անվանել, քանի որ նա «պարզապես մեկ անգամ ևս կրկնել է իր բոլոր բանաձևերը»: Միևնույն ժամանակ, Շոլցի կարծիքով, այդ խոսակցությունն անհրաժեշտ էր նաև Պուտինին հասկացնելու համար, որ նա չի կարող հույս ունենալ, թե ռազմական ագրեսիայի ենթարկված Ուկրաինային գերմանական աջակցությունը կթուլանա:

«Բացի այդ, անհրաժեշտ էր կրկին կոչ անել Պուտինին՝ զորքերը դուրս բերել Ուկրաինայից, որպեսզի հիմք ստեղծվի պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է նա։