Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ռուս-հունգարական քաղաքական երկխոսության ձեռք բերված մակարդակը բարձր է գնահատվել։ Ընդգծվել է, որ երկկողմ համագործակցությունը, չնայած միջազգային չափազանց ծանր իրավիճակին, շարունակում է զարգանալ առողջ պրագմատիզմի և փոխշահավետության ոգով։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում արդի հարցերի շուրջ, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտության։
«Սիյարտոն նշել է, որ Հունգարիայի՝ ժամանակավոր հրադադարի հաստատման առաջարկը և գերիների լայնածավալ փոխանակումը մերժվել է Վոլոդիմիր Զելենսկու կողմից, ինչի մասին տեղեկացվել են Բուդապեշտի պաշտոնյաները»,- ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Լավրովը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կիևը մերժում է մարդասիրական նախաձեռնությունները, այդ թվում՝ Բուդապեշտի և Անկարայի առաջարկները։
«Ռուսական կողմը հաստատել է հակամարտությունը դադարեցնելու իրատեսական ճանապարհի տեսլականը, որը շարադրված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 14-ի ելույթում»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։