Միջազգային

«Խաղաղության պայմանագրի 2 հոդվածի վրա դեռ աշխատում ենք». Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ համաձայնեցվել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի 15 հոդված․ «Երկու հոդվածի վրա աշխատանքները շարունակվում են»,- ասել է Բայրամովը։ 

Ըստ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։ Միաժամանակ, բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ, ինչպես նաև շարունակվել են փոխանակումները տեքստի շուրջ․ «Չնայած՝ դեռ բաց հարցեր կան, բայց հստակ առաջընթաց է գրանցվել»։

Նա նշել է, որ Ադրբեջանն իր տարածքում շարունակում է Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքները, շարունակվում է նաև Արաքս գետի վրայի կամրջի շինարարությունը։

Բայրամովը կրկնել է ՀՀ սահմանադրությունը փոխելու հայտարարությունները՝ նշելով, որ Հայաստանից վճռական քայլեր են ակնկալում․

«Իսկ այն փաստարկները, որոնք մենք լսել ենք վերջին շրջանում Հայաստանի կողմից, մեզ չեն կարող բավարարել։ Սահմանադրական դատարանի՝ վերջերս կայացրած հերթական որոշումն էլ ավելի է բարդացրել այս գործը։ Այլ կերպ ասած, որոշման մեջ նշվում էր, որ ՀՀ սահմանադրության նախաբանն անփոփոխելի է, ու կոնկրետ նախաբանին անդրադառնալ չի կարելի։ Սա ավելի է բարդացնում իրավիճակը»։