Միջազգային

«Միջուկային զենքի կոճակը Մոսկվայի հետ միասին կսեղմենք». Լուկաշենկո

Մինսկը միջուկային զենքի «կոճակը սեղմելու է» Մոսկվայի հետ. այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա հայտնել է, որ Բելառուսի տարածքում կան մի քանի տասնյակ մարտագլխիկներ, որոնք ստացվել են Ռուսաստանից. «Ես այստեղ միջուկային մարտագլխիկներ եմ ներմուծել»,- ասել է նա։

Լուկաշենկոն ասել է, որ «Орешник» հրթիռային համալիրները, որոնք նա խնդրել է Վլադիմիր Պուտինից, կարող են տեղակայվել խորհրդային ժամանակներից պահպանված ռազմավարական միջուկային հրթիռների հարթակներում: Նրա խոսքով՝ այդ հարթակները պահպանելու որոշման պատճառով ընդդիմախոսները սկսել են իրեն «բռնապետ» անվանել. «Ոչ թե այն պատճառով, որ ես բռնապետ եմ, այլ այն, որ ես արել եմ մի բան, որը նրանց դուր չի գալիս։ Բայց դա, տեսնում եք, օգտակար եղավ։ Մենք ունենք երեք տասնյակ այդպիսի հարթակ։ Այստեղ մենք կընտրենք, քանի որ այնտեղ պետք է լինի նվազագույն հեռավորություն մինչև խոցման օբյեկտները: Կտեղադրենք և կթիրախավորենք։ Հավանաբար նկատել եք, որ Պուտինին իմ պայմանը մեկն էր՝ օգնեք շահագործել: Այսինքն, միասին սեղմենք կոճակը, Աստված մի արասցե, եթե դա անհրաժեշտ լինի»։

Լուկաշենկոյի խոսքով՝ նման զենքի տեղակայումը զսպող գործոն կհանդիսանա հակառակորդների համար. սահմանը հատելու դեպքում պատասխանը կլինի ակնթարթային. «Ես չեմ նայի՝ միջուկային է, թե այլ զենք»։ Լուկաշենկոն նաև ասել է, որ միջուկային զենքի կիրառումը «մեծ պատասխանատվություն է»: