Միջազգային

«Փաստացի խաղաղություն է հաստատվել»․ Բայրամով

Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մալայում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ 

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո փաստացի խաղաղություն է հաստատվել, ինչը նոր հնարավորություններ է բացել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- նշել է նա։

Բայրամովի խոսքով՝ ուղիղ երկխոսության արդյունքում Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են իրենց սահմանների մի մասի սահմանազատումն ու սահմանագծումը։ Բացի այդ, առաջընթաց է գրանցվել երկկողմ համաձայնագրի տեքստի մշակման գործում։

«Սահմանային համապատասխան հանձնաժողովների համատեղ գործունեության մասին վերջերս ուժի մեջ մտած կանոնակարգը կապահովի սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի իրականացումը։ Այս ձեռքբերումները ցույց են տալիս, որ երկկողմանի ուղիղ բանակցությունները լավագույն տարբերակն են կարգավորման գործընթացն առաջ մղելու համար»,- ասել է Բայրամովը։ 

Նա հավելել է, որ չնայած ձեռք բերված առաջընթացին՝ հարաբերությունների կարգավորման ճանապարհին դեռևս կան չլուծված խնդիրներ։ 

«Խաղաղությունը և բարիդրացիական հարաբերությունները չեն կարող կայուն և անշրջելի լինել, եթե Հայաստանի սահմանադրությամբ կասկածի տակ դրվի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը, և խաղաղության պայմանագրի կատարումը կախված է Հայաստանի ներքաղաքական կամ իրավական իրավիճակից։

Այս վճռորոշ պահին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջը և հաստատել բարիդրացիական հարաբերություններ, բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին։ Ադրբեջանի վճռականությունն այս հարցում մնում է անփոփոխ, և մենք Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ քաղաքական կամք և պատասխանատվություն»,- ասել է նա։ 

Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում չվնասելու ընթացող խաղաղ գործընթացին, զերծ մնալու սադրիչ գործողություններից և լարվածության աճից։ Նա նշել է, որ անհրաժեշտ է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները։