Անկարայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որից հետո հրապարակվել է պաշտոնական հաղորդագրություն, որում ասվում է․
«Թուրքիան վճռականորեն աջակցել է Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պաշտպանությանը և պատրաստ է բոլոր անհրաժեշտ ներդրումն ունենալ այս գործընթացում։ Ահաբեկչական կազմակերպություններին, որոնք ձգտում են օգտվել անկայունությունից, դա թույլ չենք տա, և մեր ազգային անվտանգությանը և ժողովրդին սպառնացող բոլոր սպառնալիքները կվերացվեն»:
Հռչակագրում ընդգծվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պահպանման կարևորությունը՝ վերջ դնելու Իսրայելի մոլեգնած ջարդերին և ագրեսիային: Նշվում է, որ Թուրքիան պահպանում է իր դիրքորոշումը պաղեստինյան հարցի արդար և տևական լուծման հարցում։
Հռչակագրում խոսվում է անհրաժեշտ միջոցների ձեռնարկման կարևորության մասին, որպեսզի Սիրիայում վերջին իրադարձությունները չվնասեն խաղաղ բնակչության կյանքի և ունեցվածքի անվտանգությանը։
Խորհրդի նիստում քննարկվել է ուկրաինական պատերազմի շուրջ ստեղծված վերջին իրավիճակը, միջազգային գործընթացների հնարավոր ազդեցությունը խնդրի կարգավորման ընթացքի վրա։ Կարևորվել է պատերազմի սրման միտումը կանխելը, ինչպես նաև անհապաղ զինադադարի և արդար խաղաղության հասնելը։
Նիստում անդրադարձ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Թուրքիան ակնկալում և ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը, որը կբխի տարածաշրջանի բոլոր կողմերի շահերից»,- ասվում է հաղորդագրությունում։