Միջազգային

Սիրիայում հակակառավարական ուժերը գրավել են Համա քաղաքը

Սիրիական բանակը հաստատել է, որ ապստամբների ուժերը Համա են մտել ինտենսիվ բախումներից հետո, ինչը ստիպել է նրաց ստորաբաժանումներին տեղափոխվել քաղաքի սահմաններից դուրս՝ «խաղաղ բնակիչների կյանքը պահպանելու և քաղաքային մարտերը կանխելու համար»: Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ավելի վաղ սիրիացի զինվորականները կեղծ էին անվանել ապստամբների հաղորդագրություններն այն մասին, որ հինգշաբթի իրենց հաջողվել է մտնել Համա՝ Սիրիայի խոշորագույն քաղաքներից մեկը:

Համան մնացել է կառավարության ձեռքում քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում։ Քաղաքի անկումը շոկի մեջ կգցի Դամասկոսին և Ասադի ռուս ու իրանցի դաշնակիցներին, մեկնաբանել է Reuters-ը։

Համան Հալեպից Դամասկոս տանող ճանապարհի մեկ երրորդն է, և քաղաքի գրավումը ճանապարհ է բացում դեպի մեկ այլ խոշոր՝ Հոմս քաղաք, որը գտնվում է Սիրիայի ամենաբնակեցված շրջանները կապող ճանապարհների խաչմերուկում: