Միջազգային

Եվրոպայի ամենաժամանակակից արբանյակը պատրաստ է շահագործման

Եվրոպայի ամենաժամանակակից օդերևութաբանական արբանյակը պատրաստ է շահագործման: Eumetsat-ի երրորդ սերնդի գեոստացիոնար արբանյակներից առաջինը՝ Meteosat-12-ը, անցել է լիարժեք շահագործման, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։

Սա կարևոր և ողջունելի խթան է հանդիսանում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) անդամներին՝ կանխատեսելու վտանգավոր և առավել վտանգավոր եղանակային պայմանները և վերահսկելու կլիմայի փոփոխությունը: Meteosat-12-ի երկու հիմնական գործիքները՝ համակցված ջերմային պատկերիչն է և ամպրոպների պատկերման համար անհրաժեշտ տվիչը։

Տրամադրելով ճշգրիտ և բարձր լուծաչափի տվյալներ՝ դրանք հնարավորություն են ընձեռում վտանգավոր օդերևութաբանական երևույթների առավել ճշգրիտ կանխատեսման համար, ինչն էլ, իր հերթին, կապահովի պաշտպանելու բնակչության կյանքը և ապրուստի միջոցները։

Meteosat-12 գործիքների տվյալները ներկայումս փոխանցվում են Ազգային օդերևութաբանական ծառայություններին և այլ կազմակերպություններին՝ գործառնական օգտագործման նպատակով և ինչպես, որ ակնկալվում է դրանք էական ազդեցություն կունենան եղանակի կանխատեսման և մեր կլիման «հասկանալու» համար:

Նոր սերունդի արբանյակը կապահովի գեոստացիոնար ուղեծրից եղանակի կանխատեսման տվյալների շարունակական հավաքագրումն առաջիկա 20 տարիների ընթացքում: Սա էապես մեծացնում է օդերևութաբանական պատկերների ստացման հնարավորությունները և ապահովում է բոլորովին նոր չափման հնարավորություններ, որպեսզի իրական ժամանակում հնարավոր լինի ստանալ ամպրոպային օջախների պատկերները, ինչը բոլորովին նոր է եվրոպական եղանակային արբանյակների համար:

Պատկերի սկաները հնարավորություն է տալիս ստեղծել արագ փոփոխվող իրադրությունների պատկերներ։ Այն սկանավորում է ամբողջ երկրագունդը ընդամենը 10 րոպեում, իսկ ապագայում սկանավորելու է Եվրոպան և Հյուսիսային Աֆրիկան յուրաքանչյուր 2․5 րոպեն մեկ։

Ի լրումն Եվրոպայում օդերևութաբանական արբանյակային պատկերների որակի էական բարելավմանը, Meteosat−12-ը կբարելավի դիտարկման հնարավորությունները Աֆրիկայում, որտեղ տեղային դիտարկումները կամ հեռահար զոնդավորման այլ տեսակներ հիմնականում անհասանելի են:

ՀՕԿ-ը նպաստում է իր անդամ երկրների կողմից եղանակի, կլիմայի, ջրային ռեսուրսների, տիեզերական եղանակի և հարակից ծրագրերի վերաբերյալ արբանյակային տվյալների և արտադրանքների բաց հասանելիությանը և օգտագործմանը: