Միջազգային

Ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է Բլինքենի միջնորդությունը

Ադրբեջանը մերժել է Մալթայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Բայրամով-Միրզոյան հանդիպում կազմակերպելու՝ ԱՄՆ միջնորդությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, նաև՝ պնդել հանդիպման միջնորդությունը։ 

Սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է։ Պատճառը եղել է այն, որ ըստ Ադրբեջանի՝ ԱՄՆ-ը ներկայումս չի մասնակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին:

«Այս նախաձեռնությամբ Բլինքենը մտադիր է եղել ԱՄՆ-ին կրկին ներառել խաղաղության գործընթացի մեջ։ Ադրբեջանի մասնակցության մերժման պատճառն էլ եղել է այն, որ ընդհանուր առմամբ Բայդենի վարչակազմը անարդար և կանխակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ:

Այդ պատճառով Ադրբեջանը չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին, դա նպատակահարմար չի համարում», - գրում է APA-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։