Միջազգային

Հնդկաստանը հրաժարվում է ռուսական զենքից. Bloomberg

Հնդկաստանը կտրուկ կրճատել է Ռուսաստանից պաշտպանական սարքավորումների պատվերները և վերակողմնորոշվել դեպի Արևմտյան մատակարարներ, Bloomberg-ին հայտնել են պաշտոնյաները: Դա նշանակում է երկրի քաղաքականության էական փոփոխություն, որն ավանդաբար ապավինում էր Մոսկվայից եկող սպառազինությանը։

Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյաների տվյալներով՝ ուղղաթիռների և ժամանակակից կործանիչների համատեղ մշակման և արտադրության պլանները հետաձգվել են: Հարցականի տակ է հայտնվել նաև հնդկական անձնակազմի պատրաստման համար ատոմային սուզանավ վարձակալելու առաջարկը։ Ռուսական սպառազինության մասնաբաժինը հնդկական ներմուծման մեջ 2009 թվականի 76 տոկոսից նվազել է մինչև 36 տոկոս:

Փորձագետների կարծիքով՝ Հնդկաստանին Ռուսաստանից վանում են երկու գործոն՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով սպառազինությունների մատակարարման խափանումները և ռուսական ռազմարդյունաբերական համալիրի աճող կախվածությունը չինական բաղադրիչներից։