Միջազգային

Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են. ՀԱՊԿ քարտուղար

ՀԱՊԿ հարթակում քննարկումներին Հայաստանի չմասնակցելը չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա, Հայաստանը մնում է նրա դաշնակիցը, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Հայաստանի չմասնակցելը բոլոր այն հարցերի քննարկմանը, որոնք մեր կազմակերպությունում ընթանում են, մեր աշխատանքի արդյունավետության վրա չեն ազդում։ Այնուամենայնիվ, մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, և Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են», - ասել է Տասմագամբետովը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկացած ժամանակ կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին լիարժեք մասնակցությանը, ՀԱՊԿ անդամների կողմից առարկություններ կամ խոչընդոտներ չկան:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանն անցկացվել Է Ղազախստանում նոյեմբերի 28-ին, Հայաստանը չի մասնակցել այդ միջոցառմանը: