Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի` երկրում ռազմական դրություն մտցնելու անսպասելի փորձը վեց ժամ անց ավարտվել է ձախողմամբ: Խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու օգտին և նախագահը նահանջել է. հայտնում է Reuters-ը Radar Armenia-ին։
«Ազգային ժողովը պահանջել է վերացնել արտակարգ դրությունը, և մենք հետ ենք կանչել այն զինվորականներին, որոնք ներգրավված են եղել ռազմական դրություն մտցնելու գործողություններում։ Մենք կընդունենք Ազգային ժողովի պահանջը և կառավարության նիստում կվերացնենք ռազմական դրությունը»,- ասել է Յուն Սոկ Յոլը հեռուստաուղերձում։ Դրանից հետո նախարարների կաբինետը հավաքվել եւ քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու օգտին, հաղորդում է Yonhap-ը: Զինվորականները վերադարձել են իրենց զորամասեր։
Չորեքշաբթի առավոտյան նախագահի աշխատակազմն ամբողջ կազմով հրաժարական է տվել։ Ինքը՝ նախագահը, տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին նոր հայտարարություններ դեռ չի արել։
Դեմոկրատական կուսակցությունից նախագահի ընդդիմախոսները, որոնք մեծամասնություն ունեն խորհրդարանում, հայտարարել են, որ եթե ինքնակամ հրաժարական չտա, ապա իրենք իմպիչմենտի գործընթաց կնախաձեռնեն: Նախորդ ուղերձում, որը հեռարձակվել էր երեքշաբթի ուշ երեկոյան տեղական ժամանակով, նախագահը ռազմական դրություն մտցնելն անհրաժեշտ միջոց է համարել «կոմունիստական ուժերից» սահմանադրական կարգը եւ ԿԺԴՀ-ից եկող սպառնալիքները պաշտպանելու համար: Նախագահի խոսքով՝ սպառնալիքը գալիս է ինչպես Հյուսիսային Կորեայից, այնպես էլ տեղական «հակապետական տարրերից», որոնք պետք է արմատախիլ անել: