Միջազգային

Սերբիայի խորհրդարան է բերվել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը երեկ Սերբիայի խորհրդարան են ներկայացրել սոցիալիստների կառավարամետ շարժման պատգամավորները, որի առաջնորդը փոխվարչապետ Ալեքսանդար Վուլինն է:

Ինչպես ճշտում է «Կոմերսանտ» թերթը, փաստաթղթից հետևում է, որ «արտասահմանյան աղբյուրներից ֆինանսավորվող բոլոր կազմակերպություններն ու քաղաքականությամբ զբաղվող անձինք ենթակա կլինեն գրանցման, նրանց կպարտավորեցնեն յուրաքանչյուր հրապարակման մեջ նշել իրենց օտարերկրյա գործակալի կարգավիճակը»: Օրենքը խախտելու համար նախատեսվում է գործունեության որոշակի տեսակների արգելք, քրեական պատիժ կամ տուգանք՝ 5 հազար դինարից (վերահաշվարկով՝ 42 եվրո) մինչև 2 միլիոն դինար (17 000 եվրո):

Վուլինը հայտարարել է, որ իր շարժման կողմից մշակված օրինագիծը օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի (FARA) անալոգն է, «որն արգելում է ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորումը արտերկրից»: Մինչդեռ ընդդիմությունը կարծում է, որ այն ավելի շատ նման է ռուսական կամ վրացական «օտարերկրյա գործակալների» մասին օրենքներին։