Միջազգային

Սիրիայում հակակառավարական ուժերը մոտեցել են Համային

Սիրիայում հակակառավարական զինված կազմավորումները երեքշաբթի օրը մոտեցել են Համա խոշոր քաղաքին, հայտնում է Reuters գործակալությունը: Նրանց տվյալներով՝ Համայի վրա հարձակումը մեծացնում է ճնշումը Բաշար Ասադի կառավարության վրա, որը վայելում է ռուս և իրանցի դաշնակիցների աջակցությունը։

Համան մնացել է Սիրիայի կառավարության վերահսկողության տակ այն ժամանակվանից, երբ 2011 թվականին երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանում նախատեսում են քննարկել Սիրիա զորք ուղարկելու հնարավորությունը:

Նշենք, որ երկուշաբթի օրը Իրանի կողմից աջակցվող իրաքցի հարյուրավոր աշխարհազորայիններ մուտք են գործել Սիրիա՝ աջակցելու Սիրիայի կառավարական ուժերին, հայտնել են իրաքյան և սիրիական աղբյուրները:

Վերջին օրերին ռուսական և սիրիական ավիացիաներն ուժեղացրել են հարվածները ապստամբների ուղղությամբ, այս մասին հայտարարել են երկու կողմերի ներկայացուցիչները: