ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի COVID-19-ի հարցերով հանձնաժողովը հրապարակել է եզրափակիչ զեկույցը, որում ամփոփված են նրա երկամյա աշխատանքի արդյունքները: 520 էջանոց փաստաթուղթը վերլուծում է վիրուսի ծագումը, ինչպես նաև համաճարակի դեմ պայքարի համար պետության կողմից ձեռնարկված միջոցառումների օրինականությունն ու համարժեքությունը:
Հիմնական եզրակացությունները, որոնց հանգել է հանձնաժողովը.
- SARS-CoV-2 վիրուսը, որն առաջացնում է Covid-19, ամենայն հավանականությամբ, առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից, ինչը ցույց է տալիս վիրուսի կենսաբանական բնութագրերը և հիվանդության տարածումը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի հետազոտողների շրջանում 2019 թվականի աշնանը:
- Վիրուսը, հավանաբար, առաջացել է լաբորատորիայում տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ հետազոտությունների արդյունքում:
- Ամերիկյան հատուկ ծառայությունների մեծ մասը կարծում է, որ վիրուսը գենետիկորեն մոդիֆիկացված չէ։ ԱՄՆ ոչ մի դաշնային գործակալություն չի հավատում, որ վիրուսը ստեղծվել է որպես կենսաբանական զենք: Թե կոնկրետ ինչպես է սկսվել համաճարակը, մնում է անհասկանալի։
- ԱՀԿ-ն Չինաստանի իշխանություններին թույլ է տվել վերահսկել վիրուսի ծագման վերաբերյալ հետաքննությունը և Չինաստանի քաղաքական շահերը վեր դասել ամբողջ աշխարհի մարդկանց օգնելուց
- EcoHealth Alliance ոչ կառավարական կազմակերպությունը, որը տրամադրել է ԱՄՆ կառավարության դրամաշնորհներ տարբեր լաբորատորիաների, այդ թվում՝ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտին, պատշաճ կերպով չի վերահսկել իր կողմից ֆինանսավորվող հետազոտությունները:
- Սոցիալական հեռավորությունը և դիմակների ռեժիմը հիմնված չէին ճշգրիտ գիտական ապացույցների վրա, և երկարատև կարանտինները «հսկայական վնաս են հասցրել» ոչ միայն ամերիկյան տնտեսությանը, այլև ամերիկացիների, հատկապես երիտասարդների հոգեկան և ֆիզիկական առողջությանը
- Պատվաստանյութը կանխում է վարակի ծանր հետևանքները, սակայն վիրուսի տարածումը կանխելու նրա հնարավորությունները գերագնահատվել են
«COVID-19 համաճարակը բացահայտեց անվստահությունը իշխանությունների նկատմամբ։ Վստահությունը պետք է վաստակել: Հաշվետվողականությունը, թափանցիկությունը, ազնվությունն ու պարկեշտությունը կվերադարձնեն այդ վստահությունը: Ապագա համաճարակը կպահանջի ամբողջ Ամերիկայի մասնակցությունը՝ նրանց գլխավորությամբ, ովքեր, անկողմնակալ են և անձնական շահ չեն հետապնդում»,- ասվում է նամակում, որն ԱՄՆ Կոնգրեսին է ուղարկվել Covid-19 հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Բրեդ Վենստրուպի կողմից: