Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, գլոբալ և տարածաշրջանային խնդիրները»,- ասվում է հաղորդագրությունում։
Կրեմլից հայտնել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
«Պուտինն ընդգծել է արմատական խմբավորումների կողմից սիրիական պետության դեմ ահաբեկչական ագրեսիան արագ դադարեցնելու և ամբողջ երկրում կայունությունը և սահմանադրական կարգը վերականգնելու օրինական իշխանությունների ջանքերին լիարժեք աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ մասնավորապես օգտագործելով տարածաշրջանում Անկարայի առկա հնարավորությունները»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Այդ կապակցությամբ ղեկավարները կողմ են արտահայտվել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Աստանայի գործընթացի շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանը։ Նշվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև հետագա սերտ համակարգման կարևորությունը Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում։ Երկու երկրների նախագահները կշարունակեն շփվել միմյանց հետ՝ ճգնաժամի դեէսկալացիայի քայլերի որոնման համատեքստում։
Քննարկվել են նաև ռուս-թուրքական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման մի շարք արդիական հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական և էներգետիկ բաղադրիչների վրա։