Միջազգային

Աբխազիան հրաժարվել է ռուսական ներդրումներից

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանը չի վավերացրել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագիրը: Փաստաթղթին դեմ է քվեարկել 22 պատգամավոր, երկուսը ձեռնպահ են մնացել:

Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը նախատեսում էր ռուսական նախագծերի իրականացում գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի և գազամատակարարման ոլորտներում: Յուրաքանչյուր նախագծում ներդրումների նվազագույն ծավալը պետք է կազմեր երկու միլիարդ ռուբլի։

Աբխազական ընդդիմությունը դեմ է արտահայտվել համաձայնագրին՝ հայտարարելով, որ այն խաթարում է ազգային շահերը և ոչ շահեկան դրության մեջ է դնում տեղական բիզնեսին: Նոյեմբերի 25-ին ընդդիմադիրները խորհրդարանին կոչ արեցին մերժել փաստաթուղթը՝ հանրային լարվածությունը նվազեցնելու համար։