Լիբանանում հրադադարի հաստատումից հետո առաջին հարցազրույցում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե «Հեզբոլլահը» խախտի համաձայնագիրը, կսկսվի «ինտենսիվ պատերազմ»:
Վարչապետը հայտարարել է, որ հրահանգներ է տվել Իսրայելի Պաշտպանության բանակին այն մասին, որ «համաձայնագրի զանգվածային խախտման դեպքում» պատասխան միջոցառումներ իրականացվեն՝ «այնպիսիք, ինչպիսիք այս պահին արվում են»:
Հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը հանել է Հայֆայից հարավ հավաքներ անցկացնելու բոլոր սահմանափակումները:
Սակայն հյուսիսային Իսրայելի տարբեր շրջաններում պահպանվում են սահմանափակումները, իսկ հյուսիսային սահմանամերձ քաղաքներում և Գոլանի բարձունքներում դպրոցները կշարունակվեն փակ մնալ։