Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կտրուկ արձագանքել է երկրում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու այսօրվա հայտարարությանը։
Վարչապետը դիվանագետին մեղադրել է ապատեղեկատվություն և սուտ տարածելու մեջ:
«Մենք փորձել ենք խուսափել նման դեպքերին դիվանագիտական արձագանքից, բայց ամեն ինչ սահման ունի։ Եթե վարքագծի փոփոխություն չտեսնենք, ապագայում անպայման կարձագանքենք ինչպես ԵՄ դեսպանի, այնպես էլ մյուս համապատասխան դեսպաններին: Խոսքը դիվանագիտական արձագանքի մասին է», - հայտարարել է Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ։
Նա նաև ԵՄ դեսպանին մեղադրել է, որ նա, «անմիջականորեն ներգրավված է եղել արմատական ընդդիմության կողմից իշխող թիմի դեմ նախընտրական քարոզչության մեջ, ինչը Վիեննայի կոնվենցիայի և ժողովրդավարական ընտրությունների սկզբունքների կոպիտ խախտում է»:
Կոբախիձեն անդրադարձել է նաև Եվրամիության հետ բանակցությունների սկսման թեմային և նշել, որ դա այլևս չի դառնա հասարակության «շանտաժի և պառակտման» առարկա։ Նրա խոսքով՝ բանակցությունների սկսումը ձևական որոշում է, որը չի արագացնում Եվրամիությանն անդամակցելու գործընթացը:
«Առավել ևս անընդունելի է, որ բոլորովին անօգուտ բանակցությունների բացման հարցն օգտագործվում է որպես գործիք մեր երկրին շանտաժի ենթարկելու և հասարակությունը պառակտելու համար», - հայտարարել է նա: