Սիրիայի սուննիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» արմատական խմբավորման զինյալները և նրանց դաշնակիցները նոյեմբերի 28-ի գիշերը սկսված հարձակման ընթացքում Հալեպի նահանգում գրավել են մի շարք կարևոր դիրքեր՝ ընդհուպ մոտենալով Հալեպ քաղաքին և արվարձաններին։
«Հայաթ Թահրիր աշ-Շամը» ջիհադական խմբավորում է, որն ավելի վաղ դուրս էր եկել «Ջեբհաթ ան-Նուսրայի»՝ «Ալ Քաիդայի» սիրիական մասնաճյուղի կազմից: Խմբավորումը շատ երկրներում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ մարտերում զոհվել են Սիրիայի կառավարական արաբական բանակի բազմաթիվ գրոհայիններ և զինծառայողներ: Խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր։ Հաղորդվում է, որ հարձակվողները գրավել են զենքի և զրահատեխնիկայի պահեստները:
Սիրիական հակակառավարական խմբավորումների ջոկատները արդեն հայտնվել են Հալեպի արվարձաններից մոտ 1 կմ հեռավորության վրա, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գիշերային մարտերից հետո հակակառավարական ուժերը մոտեցել են Նոր Հալեպին՝ քաղաքի արվարձաններից մեկին։
Ինչպես հայտնում է Anadolu-ն, ընդդիմությունը վերահսկողության տակ է վերցրել 56 գյուղ և այլ օբյեկտներ, 400 քառակուսի կմ տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Նրան հաջողվել է գրավել նաև ծանր զենքեր, մեքենաներ և պահեստներ։
Reuters գործակալությունը նշում է, որ սա Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդների ամենամեծ հարձակումն է 2020 թվականի մարտից ի վեր, երբ Ասադին աջակցող Ռուսաստանն ու իսլամիստներին աջակցող Թուրքիան պայմանավորվեցին հրադադարի մասին: