Ավստրալիան մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից։ Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Սենատը համապատասխան օրենք է ընդունել։ Արգելքը խախտելու համար սոցցանցը կտուգանվի, սակայն եթե դեռահասներն իրենք շրջանցեն սահմանափակումը, նրանց համար պատիժ չի նախատեսվում. հայտնում է BBC-ն՝ Radar Armenia-ին։
Շատ ծնողներ կողմ են նման արգելքին, բայց օրենքի քննադատները կասկածում են արդյունավետ վերահսկմանը։ Նրանց նաև մտահոգում է, թե արդյոք նոր օրենքը չի հանգեցնի դեռահասների սոցիալական մեկուսացման:
Ակնկալվում է, որ օրենքը, որը ենթադրվում է, որ սահմանում է աշխարհի ամենախիստ սահմանափակումները, ուժի մեջ կմտնի ոչ շուտ, քան մեկ տարի անց: Արգելքը խախտելու համար սոցցանցերին տիրապետող տեխնոլոգիական ընկերությունները կտուգանվեն մինչև 50 մլն ավստրալական դոլարով՝ 32,5 մլն ԱՄՆ դոլար:
Օրենքում չի նշվում, թե կոնկրետ որ հարթակները կընկնեն արգելքի տակ. այդ ցուցակը Ավստրալիայի կապի նախարարը կհաստատի ավելի ուշ՝ էլեկտրոնային անվտանգության հարցերով հանձնակատարի հետ խորհրդակցելուց հետո։
Սահմանափակումների տակ չեն ընկնում խաղային կայքերն ու մեսենջերները, ինչպես նաեւ այն հարթակները, որոնց վրա կարելի է չգրանցվել, օրինակ՝ YouTube-ը, ամենայն հավանականությամբ, չի արգելվի դեռահասների համար:
Թե կոնկրետ ինչպես է որոշվելու օգտատիրոջ տարիքը, դեռ հայտնի չէ։