Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիս է հրավիրել Օմանի սուլթան Հայթամ բին Թարիքի հետ։ Նա նշել է Թուրքիայի և Օմանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և հավելել է, որ հաշվի առնելով առկա ներուժը՝ առաջին փուլով նպատակ ունի Թուրքիայի և Օմանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 5 միլիարդ դոլարի։
Էրդողանն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և ընդգծել է, որ քանի դեռ Գազայում անհապաղ, արդարացի և տևական զինադադար չի հաստատվել, տարածաշրջանային և գլոբալ խաղաղության հասնելն անհնարին կլինի։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունը, նա ասել է, որ Գազայում հրադադար հաստատելու նոր նախաձեռնության մասին ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը շատ ուշացած էր, բայց կարևոր քայլ էր։ Նրա խոսքով՝ Թուրքիան չի վարանի անել ամեն ինչ Գազայում կայունություն և խաղաղություն հաստատելու համար։
Թարիքն ընդգծել է, որ Օմանը աջակցում է Թուրքիայի դիրքորոշմանը տարածաշրջանի վրա ազդող միջազգային խնդիրների վերաբերյալ։