Վրաստանը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականի վերջը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Որոշել ենք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջը: Նաև հրաժարվում ենք ԵՄ բյուջեից և տրամադրվող ցանկացած դրամաշնորհից»,- ասել է վարչապետը։
Միևնույն ժամանակ՝ Կոբախիձեն պնդել է, որ 2028 թվականի ավարտին Վրաստանը տնտեսական տեսակետից պատրաստ կլինի սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, որպեսզի դա տեղի ունենա մինչև 2030 թվականը։
«Այս փուլում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը օգտագործվում է որպես երկրին շանտաժի ենթարկելու գործիք, ինչն անընդունելի է։ Կտրականապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը որպես ողորմություն դիտելը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն էր տվել մի փաստաթղթի, որը փաստացի չի ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը: Բանաձևը կոչ է անում նաև մեկ տարվա ընթացքում նոր ընտրություններ ացկացնել։