Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստան կատարած պաշտոնական այցից հետո լրագրողների հետ զրույցում ամփոփել է այցի արդյունքները և անդրադարձել մի շարք կարևոր թեմաների։
Ըստ Լեհաստանի նախագահի՝ մինչև Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ «Երկու շաբաթ առաջ ես առանձնազրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, և մենք խոսեցինք նաև Հայաստանի հետ հարաբերությունների հարցերի մասին։ Այն ժամանակ ես նախագահին ասացի, որ պատրաստվում եմ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և խնդրեցի նրան ներկայացնել իր տեսակետը կոնֆլիկտային հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում այստեղ որոշվում են»,- ասել է Լեհաստանի նախագահը։
Նախագահը խոսել է նաև ԵՄ դիտորդական առաքելության դերի մասին և նշել, որ նրանց խնդիրը շատ բարդ է, քանի որ նրանք փորձում են վերահսկողություն սահմանել շուրջ 1000 կմ երկարություն ունեցող հայ-ադրբեջանական սահմանի վրա։
«Համեմատելով այն, ինչ տեղի է ունեցել առաքելության ժամանումից առաջ կամ առաքելության ժամանման պահին, և այն, ինչ մենք այժմ ունենք, պարզ է, որ շատ վայրերում, որտեղ մենք գործ ենք ունեցել անընդհատ գնդակոծությունների հետ, առաջին հերթին՝ ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ կրակոցները դադարել են՝ այդ վայրեր ԵՄ ներկայացուցիչների մշտական ժամանման պատճառով: Այնպես որ, գոնե, այս տեսանկյունից կարելի է ասել, որ առաքելությունը հաջողվել է։
Մենք մասնակցում ենք այդ առաքելությանը և դիտարկում ենք այդ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը»,- ասել է Անջեյ Դուդան։