Միջազգային

Ռուսաստանի միջուկային «հովանոցը» առաջին հերթին տարածվում է ՀԱՊԿ-ի վրա. Շոյգու

Ռուսաստանի միջուկային «հովանոցը», համաձայն նորացված միջուկային դոկտրինի, առաջին հերթին տարածվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների վրա, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Նախ ուզում եմ ասել, որ հին դոկտրինում էլ էր նախատեսված այդ հովանոցը, ինչպես դուք եք ասում, այդ թվում նաև մեր դաշնակիցների վրա։ Դա պարզ էր, հստակ նշված: Ինչ վերաբերում է նոր դոկտրինին, բնականաբար, այնտեղ խոսքն առաջին հերթին ՀԱՊԿ երկրների մասին է։ Կա առանձին լրացում, բավական կարևոր, իմ կարծիքով, այն վերաբերում է Բելառուսին», - նշել է նա Աստանայում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում։

Շոյգուի խոսքով՝ այժմ դոկտրինով սահմանված են նաև միջուկային զենքի կիրառման չափանիշները, երբ Բելառուսի դեմ ագրեսիա է իրականացվում սովորական սպառազինությամբ, և, երբ հանրապետության գոյության սպառնալիք է առաջանում:

Հիշեցնենք, որ Պուտինը նոյեմբերի 19-ին հրամանագիր է ստորագրել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի նոր դոկտրինի վերաբերյալ: