«Վրացական երազանքի» նախագահի թեկնածուն կլինի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին: Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
«Ազնվությունը, արդարությունը, հայրենասիրությունն ու սկզբունքայնությունը հատկություններ են, որոնք առանձնացնում են Միխայիլ Կավելաշվիլիին։ Նա վրացի տղամարդու լավագույն մարմնավորումն է իր բնույթով, եթե ցանկանում եք, իր սովորությամբ: Նա հրաշալի ամուսին է և չորս երեխաների հայր։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ թիմը միաձայն որոշում է կայացրել Միխայիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ»,- հայտարարել Է Իվանիշվիլին։
Կավելաշվիլին իշխող կուսակցությունից պաշտոնապես անջատված «Ժողովրդի ուժը» կուսակցության առաջնորդներից մեկն էր, հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» 18-րդ համարը:
Միխայիլ Կավելաշվիլին ֆուտբոլի վետերան է, մարզական կարիերան սկսել է Թբիլիսիի «Լոկոմոտիվում», ապա տեղափոխվել է «Դինամո», որի կազմում դարձել Է Վրաստանի վեցակի չեմպիոն: 1995 թվականին տեղափոխվել է Վլադիկավկազի «Սպարտակ-Ալանիա», իսկ 1996 թվականին՝ «Մանչեսթեր Սիթի» (28 խաղ, 3 գոլ)։ Նա խաղացել է նաև Շվեյցարիայի տարբեր ակումբներում։ Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել է 46 հանդիպման, խփել է 9 գնդակ: