Միջազգային

Ուկրաինացիները ցանկանում են մնալ Գերմանիայում

Ուկրաինացի ավելի ու ավելի շատ փախստականներ չեն ցանկանում վերադառնալ երկիր և մտադիր են մնալ Գերմանիայում. այս մասին հաղորդում է Deutsche Presse-Agentur-ը։

Գերմանիայում փախստականների հարցերով պետական գերատեսչության նախագահ Մարկ Զայբերտը պարբերականին պատմել է, որ Բեռլինի շտապ օգնության կենտրոնում, որտեղ բնակվում են Ուկրաինայի փախստականները, պարբերաբար հարցումներ են անցկացնում, և այժմ Գերմանիայում մնալ և հաստատվել ցանկացողների թիվը կազմում է 65 տոկոս:

Նրա խոսքով՝ մեկուկես տարի առաջ այդ ցուցանիշն այլ էր, և մեծամասնությունն ասում էր, որ ցանկանում են վերադառնալ Ուկրաինա։

Գերմանիան դեռևս առաջատար է ուկրաինացի փախստականների թվով և այնտեղ է գտնվում Ուկրաինայի ավելի քան 1,1 միլիոն քաղաքացի, ովքեր ստացել են ժամանակավոր ապաստան: