Միջազգային

Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել

Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել. հայտնում է BBC-ն՝ հղում անելով Իսրայելի կառավարությանը։

Սակայն հրադադարի հաստատումից մեկ ժամ առաջ, Բեյրութի հարավային արվարձաններին ավիահարվածներ են հասցվել, հաղորդում են լրատվական գործակալությունները։

Հրադադարի պայմանների համաձայն՝ իսրայելական զորքերը Լիբանանից դուրս կբերվեն 60 օրվա ընթացքում, իսկ «Հըզբոլլահի» զինյալները կլքեն սահմանամերձ շրջանները, փոխարենը այնտեղ կտեղակայվեն լիբանանյան բանակի զինծառայողները։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռուստաուղերձում հայտարարել էր, որ հրադադարի մասին համաձայնագրի տևողությունը կախված կլինի «Հըզբոլլահի» գործողություններից, և եթե խմբավորումը փորձի կրկին զինվել, դա կդիտվի որպես պայմանագրի խախտում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես հանդես է եկել ուղերձով. «Մարտական գործողությունները կավարտվեն։ Դա պետք է լինի մշտական հրադադար»։ Բայդենը  նաև հույս է հայտնել, որ Լիբանանում հրադադարը կարող է հանգեցնել խաղաղության հաստատմանը ողջ Մերձավոր Արևելքում և թույլ կտա դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, որտեղ իսրայելցի զինվորականները պայքարում են ՀԱՄԱՍ խմբավորման դեմ: