Միջազգային

Շոյգուն Աֆղանստանում կարևոր հանդիպումներ է ունեցել

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 25-ին աշխատանքային այցով ժամանել Է Աֆղանստան:

Շոյգուն հանդիպել է «Թալիբանի» բարձրագույն ղեկավարության հետ և փոխվարչապետների և նախարարների հետ քննարկել տնտեսության, տրանսպորտի և անվտանգության հարցեր․

«Կցանկանայի ասել, որ այն ժամանակահատվածում, երբ Աֆղանստանի կառավարությունը (թալիբներ) գտնվում է իշխանության ղեկին, շատ բան է փոխվել, հասկանալի դարձել։ Այսօր մենք մի շարք հանդիպումներ ունեցանք փաստացի փոխվարչապետների, նախարարների հետ։ Մենք քննարկել ենք մեր համագործակցության հարցերը բոլոր ոլորտներում։ Դա վերաբերում է տնտեսությանը, տրանսպորտին, անվտանգությանը», - լրագրողներին ասել է Շոյգուն։

«Ինտերֆաքս» գործակալությունն, իր հերթին, մեջբերում է Շոյգուի խոսքերը Աֆղանստանի հետ «բոլոր ուղղություններով» Ռուսաստանի համագործակցության պատրաստակամության մասին:

«Հաստատում եմ մեր երկրների միջև կառուցողական քաղաքական երկխոսություն կառուցելու պատրաստակամությունը, այդ թվում՝ ներաֆղանական կարգավորման գործընթացին զարկ տալու նպատակով», - հավելել է նա:

«Այս քայլը թույլ կտա ոչ միայն արդյունավետ երկխոսություն հաստատել անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու խնդիրների շուրջ, ինչպիսիք են ահաբեկչությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, այլև ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը», - ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը: