Միջազգային

Թուրքիան «Գազպրոմբանկի» արգելքների վերացման շուրջ բանակցում է ԱՄՆ-ի հետ

Թուրքիան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ «Գազպրոմբանկի» հետ իր փոխգործակցության արգելքների հնարավոր վերացման շուրջ, որպեսզի երկիրը կարողանա շարունակել օգտագործել ռուսական բանկը գազի ներկրման համար վճարելու համար․ գրում է Bloomberg-ը։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հրապարակավ հայտարարել է, որ առանց պատժամիջոցներից ազատվելու՝ Անկարան չի կարողանա վճարել Ռուսաստանին։ Բայրաքթարը որպես նախադեպ նշել է Իրանի հետ կապված պատժամիջոցների նախկին բացառությունները․

«Եթե չկարողանանք վճարել, չենք կարողանա ապրանք գնել։ Եթե բացառություններ չլինեն, դա կարող է մեծ խնդիր դառնալ Թուրքիայի համար»,- ասել է նա։

Ռուսաստանը Թուրքիայի գազի խոշորագույն մատակարարն է. անցյալ տարի նրան բաժին է ընկել ներմուծման մոտ 42%-ը։ Գազպրոմբանկը, որի միջոցով կատարվում են ռուբլով գազի դիմաց վճարումները, նոյեմբերի 21-ին հայտնվել է ԱՄՆ արգելափակման պատժամիջոցների տակ։