Միջազգային

Ովքեր են Վրաստանի նախագահի թեկնածուները

«Վրացական երազանքի» ներկայացուցիչները, որոնք միանձնյա ճանաչել են 11-րդ գումարման խորհրդարանի լիազորությունները, այսօր նշանակել են նոր նախագահի ընտրության օրը:

Mtavari հեռուստաալիքը պնդում է, որ իշխանությունն ընտրություն կկատարի երկու թեկնածուի միջև՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Կոնստանտին Գամսախուրդիայի։

Երեկ «Վրացական երազանք»-ից հաստատել են, որ Ղարիբաշվիլին կհրաժարվի խորհրդարանում իր մանդատից: Ինչպես նշում է Mtavari-ն, դա է վկայում նաև Վրաստանի նախագահի պաշտոնում նրա հնարավոր առաջադրման մասին:

Վրաստանի նոր նախագահին առաջին անգամ ընտրելու է 300 հոգուց բաղկացած կոլեգիան։ Սրանք նոր գումարման խորհրդարանի 150 պատգամավորներն են և տարածաշրջանների 150 պատվիրակները։

Դեռ պարզ չէ, թե ինչպես է անցկացվելու քվեարկությունը։ Օրենսդիր մարմնի աշխատանքներին այժմ մասնակցում է «Վրացական երազանքի» միայն 88 պատգամավոր։ Ընդդիմությունը չի ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։