Միջազգային

Հայկական ծագման մասին Հերոդոտոսի տեսությունը հերքվել է

Հայկական ծագման մասին Հերոդոտոսի տեսությունը հերքվել է առաջին գենոմային ուսումնասիրությամբ, հայտնում են Դուբլինի Տրինիտի քոլեջից։ 

Ուսումնասիրվել է հայկական խմբերի բնակչության կառուցվածքը և գենետիկական փոփոխականությունը։

Ըստ վերը նշված տեսության, ենթադրվում էր, որ հայերը Բալկաններից եկած փռյուգիացի վերաբնակիչների ժառանգներն են, սակայն հետազոտությունները գենետիկական կապ չեն գտել:

«Առաջին ամբողջական գենոմի ուսումնասիրությունը մարտահրավեր է նետում այս վաղեմի համոզմունքին` բացահայտելով, որ ոչ մի էական գենետիկ կապ հայերի և Բալկանյան տարածաշրջանի բնակչության միջև չկա»,- գրում է կայքը:

Նոր ուսումնասիրության հիմքում ընկած հետազոտողները հերքել են նաև մեկ այլ տեսություն՝ Սասունի հայ բնակչության մասին ասորական ծագման պնդումները:

«Հայկական լեռնաշխարհում գենետիկական շարունակականությունն ստուգելիս մենք հայտնաբերեցինք գենետիկ ներածություն տարածաշրջանում մի աղբյուրից, որը կապված էր նեոլիթյան լևանտացի ֆերմերների հետ վաղ բրոնզի դարից հետո: Ժամկետի և գենետիկական ծագման առումով սա համընկնում է հարակից շրջանների նախկին բացահայտումների հետ` այդպիսով թույլ տալով մեզ եզրակացնել, որ հետվաղ բրոնզի դարաշրջանում տեղի է ունեցել լայնածավալ շարժում Մերձավոր Արևելքում»,- ասում է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Մանիկան։ 

Հետազոտողները նաև լույս են սփռել հայկական տարբեր խմբերի բնակչության կառուցվածքի և գենետիկական փոփոխության վրա՝ պարզելով, որ Հայկական լեռնաշխարհի արևելյան, արևմտյան և կենտրոնական մասերի պոպուլյացիաները համեմատաբար բարձր նմանություն ունեն:

«Սա առաջին հետազոտությունն է, որը փորձում է գծել Հայկական լեռնաշխարհի գենետիկական ատլասը»,- ասել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր, հրապարակման համահեղինակ Լևոն Եպիսկոպոսյանը։

Cell.am-ում հրապարակված գիտական մանրասմասն հոդվածում նշվում է, որ հայերը համարվում են Արևմտյան Ասիայի հնագույն ժողովուրդներից մեկը և պատմականորեն բնակեցրել են Հայկական լեռնաշխարհը։ 

Հայաստանի՝ որպես պետության մասին ամենավաղ հիշատակումը պարունակվում է Բեհիստունի արձանագրության բաբելոնյան տարբերակում, որը թվագրվում է մ.թ.ա. 522 թվականին։ 

«Ըստ հին հույն պատմիչ Հերոդոտոսի գրվածքների վրա հիմնված վաղեմի «Բալկանյան տեսության»՝ հայերի նախնիները եղել են բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռյուգիացի գաղութարարներ: Այնուամենայնիվ, ծավալուն պեղումները մինչ օրս ոչ մի համոզիչ հնագիտական ​​ապացույց չեն գտել այս վարկածը հաստատող»,- գրում է կայքը։