Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ Միջազգային քրեական դատարանի օրդերը, հակառակ դեպքում դա կլինի եվրոպական երկակի ստանդարտների դրսևորում․ հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«ԵՄ անդամ երկրները մեծ աջակցություն ցուցաբերեցին, և երբ դատարանը որոշեց կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են: Որպես Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և որպես բարձր ներկայացուցիչ՝ ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել Միջազգային քրեական դատարանին և հիշեցնել Եվրամիության անդամ երկրներին, որ նրանք պարտավոր են կատարել դատարանի որոշումը»,- հայտարարել է Բորելը։
Ըստ նրա՝ դատարանի որոշումը հակասեմականության հետ կապ չունի, և դա քաղաքական որոշում չէ։
«Ենթադրվում է, որ Եվրամիության անդամի թեկնածու երկրները իրենց պարտավորությունների թվում պետք է ինտեգրվեն քրեական դատարանին։ Շատ տարօրինակ կլինի, որ նրանք, ովքեր ցանկանում են դառնալ Եվրոպական միության անդամ, պարտավոր լինեն կատարել չափանիշներ, որոնց Եվրամիության ներկայիս անդամները չեն բավարարում»,- մտահոգություն է հայտնել ԵՄ բարձր ներկայացուցիչը։