Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ։ Նրա խոսքով՝ 14 ամիս է, ինչ Թուրքիայի սահմանների մոտ արյունալի, ծայրահեղ վտանգավոր պատերազմ է ընթանում։
Նա նշել է, որ Թուրքիան Պաղեստինի, Գազայի և Լիբանանի համար շատ ավելին է անում, քան ասվում և արտացոլվում է մամուլում․ «Մենք կաջակցենք Պաղեստինի ժողովրդին մեր ողջ ուժով և բոլոր միջոցներով, քանի դեռ ցեղասպանությունը չի ավարտվել, և Գազան ու Պաղեստինը լիովին չեն ազատագրվել»։
Էրդողանը հույս է հայտնել, որ այս պայքարի ավարտին Պաղեստինի ժողովուրդը կհասնի խաղաղության և հանգստության, ճնշողները կպարտվեն, իսկ պաղեստինյան դատը կհաղթի։
Մեկնաբանելով Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերը՝ ասել է. «Նեթանյահուի և նրա մարդասպանների ցանցի համար շրջանակը նեղանում է»: