Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դիվանագիտական կարիերան ավարտում է Լիբանան կատարած այցով: Նա հայտնել է, որ երկիրը «կոլապսի եզրին է»։
Նա կոչ է արել ճնշում գործադրել շիա ծայրահեղական «Հըզբոլլահ» խմբավորման և Իսրայելի վրա, որպեսզի նրանք ընդունեն հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը՝ խոստանալով լիբանանյան բանակին 200 մլն եվրո հատկացնել:
Լիբանանցիներին ֆինանսապես աջակցելու պատրաստակամության մասին Բորելը հայտնել է Բեյրութ կատարած այցի ընթացքում: Այս ուղևորությունը վերջինն է Բորելի պաշտոնավարման ժամկետի ավարտից առաջ, և նա չի թաքցրել մտադրությունները «ավարտելու մանդատը մի տարածաշրջանում, որտեղ իրադարձությունները միջազգային հանրությանը փորձության առաջ են կանգնեցնում՝ արդյոք իսկապես ցանկանում ենք և ունակ ենք խաղաղություն հաստատել»:
Լիբանանում տեղակայված «Հըզբոլլահ» խմբավորումը ահաբեկչական է ճանաչվել ԱՄՆ-ում և Իսրայելում, իսկ ԵՄ-ն ահաբեկչական է համարում միայն նրա մարտական թևը: