Միջազգային

Մոսկվայում շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությամբ

Մոսկվայում շահագրգռված են, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ տևական խաղաղություն տիրի: Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

«Որպես կանոն, ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը քրտնաջան և շատ պատասխանատու գործընթաց է։ Իհարկե, Մոսկվայում շահագրգռված են, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ տևական խաղաղություն տիրի։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ տարածաշրջանի համար բախտորոշ այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի կարգավորման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի համար «դառնահամ» ունենալու», - ընդգծել է ՌԴ դեսպանը։

Ըստ նրա՝ Երևանի և Բաքվի միջև ընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է՝ հաշվի առնելով ԽՍՀՄ փլուզումից ի վեր նախորդած իրադարձությունները։

«Այս կապակցությամբ ուրախ ենք, որ հոկտեմբերի 24-ին Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի հարթակում բարձր մակարդակի արդյունավետ շփումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը թույլ է տվել օգտակար թափ հաղորդել հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ երկխոսությանը», - նշել է Կոպիրկինը։