Քրեական գործ է հարուցվել բլոգեր Իլյա Վառլամովի (Ռուսաստանում համարվում է օտարերկրյա գործակալ) դեմ, հայտնում է Մոսկվայի դատախազության Telegram-ալիքը: Նա մեղադրվում է օտարերկրյա գործակալի պարտականությունների կատարումից խուսափելու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 330.1 հոդվածի 2-րդ մաս):
Դատախազության հաղորդագրության համաձայն, օտարերկրյա գործակալ ճանաչված Իլյա Վարլամովը տարվա ընթացքում երկու անգամ ենթարկվել է վարչական պատասխանատվության օտարերկրյա գործակալի գործունեության կարգը խախտելու համար, սակայն, խախտելով Ռուսաստանի Դաշնության օրենսդրության պահանջները նա շարունակել է սոցցանցում հրապարակային հաղորդագրություններ և նյութեր տարածել՝ չնշելով, որ դրանք ստեղծվել և (կամ) տարածվել են օտարերկրյա գործակալի գործառույթներ կատարող անհատի կողմից։
Արդարադատության նախարարությունը Վարլամովին ներառել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում 2023 թվականի մարտին։ Բլոգերը փորձել է վիճարկել այդ որոշումը Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանում, սակայն դատարանը մերժել է նրա հայցը։
Սեպտեմբերի վերջին Մոսկվայի դատախազությունը պահանջել էր քրեական գործ հարուցել Վարլամովի դեմ օտարերկրյա գործակալի գործունեության խախտման հոդվածով։ Այս մասով առավելագույն պատիժը մինչև երկու տարի ազատազրկումն է։
Մայրաքաղաքի դատախազությունում նշել են, որ մեկ տարվա ընթացքում բլոգերին երկու անգամ վարչական պատասխանատվության են ենթարկել մակնշման բացակայության համար (Ռուսաստանի Դաշնության վարչական օրենսգրքի 19.34-րդ հոդվածի 4-րդ մաս), բայց նա շարունակել է նյութեր տարածել առանց օտարերկրյա գործակալի «մակնշման»: