Այս տարվա մարտից Ռուսաստանը Հյուսիսային Կորեային ավելի քան մեկ միլիոն բարել նավթ է մատակարարել. այս եզրակացությանն է եկել Բրիտանական Open Source Centre հետազոտական կենտրոնը. ներկայացված է BBC-ի հետաքննական հոդվածում։
Առաջատար փորձագետներն ու ՄԹ արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին BBC-ին ասել են, որ, իրենց համոզմամբ, այս նավթով Մոսկվան վճարում է Փհենյանին զենքի և զինվորների համար, որոնցով ԿԺԴՀ-ն օգնում է Ռուսաստանին պայքարել Ուկրաինայի դեմ։
Արբանյակային պատկերների վերլուծությունը, որը Open Source Centre-ը տրամադրել է BBC-ին, ցույց է տալիս, որ վերջին ութ ամիսների ընթացքում ավելի քան մեկ տասնյակ հյուսիսկորեական տանկերներ 43 թռիչք են կատարել հեռավոր արևելքում գտնվող ռուսական նավթային տերմինալի և իրենց նավահանգիստների միջև: Ծովում տանկերների լուսանկարները ցույց են տալիս, որ դրանք դատարկ էին գնում Ռուսաստան, բայց վերադառնում՝ բեռնված։ Առաջին թռիչքը Open Source Centre-ը փաստագրել է 2024 թվականի մարտի 7-ին՝ Ռուսաստանին հյուսիսկորեական զինամթերքի մատակարարման մասին առաջին հաղորդագրություններից յոթ ամիս անց: Վերջինը եղել է նոյեմբերի 5-ին։
«Նավթի այս մշտական ներհոսքը Հյուսիսային Կորեային տալիս է կայունության այնպիսի մակարդակ, որը նա չի տեսել պատժամիջոցների կիրառումից ի վեր»,- BBC-ի փոխանցմամբ, հայտնել է Open Source Centre-ի ավագ վերլուծաբան Ջո Բեռնը։
Հյուսիսային Կորեան իր միջուկային ծրագրի պատճառով գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ, և նրան արգելվում է տարեկան ավելի քան 500 հազար բարել նավթ գնել: Մեկ միլիոն բարել (56 հազար տոննա), որի մասին խոսում է Open Source Centre-ը, Ռուսաստանի համար շատ փոքր ծավալ է. ըստ պաշտոնական տվյալների, այն մեկ օրվա ընթացքում արդյունահանում է գրեթե տասն անգամ ավելին: