Միջազգային

«Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա»․ Պուտինը հանդես է եկել հատուկ ուղերձով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հատուկ ուղերձով և հայտարարել, որ նոյեմբերի 19-ին 6 ATACMS հրթիռ, իսկ նոյեմբերի 21-ին Storm Shadow համակարգերը հարվածներ են հասցրել Կուրսկի և Բրյանսկի շրջանների թիրախներին։

«Հակամարտությունը գլոբալ բնույթի տարրեր է ձեռք բերում ՌԴ վրա արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներից հետո։ Էսկալացիայի դեպքում Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ անհնար է ՌԴ տարածքում հեռահար զենք կիրառել առանց այն երկրների մասնագետների, որտեղ դրանք արտադրվել են։

«Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների թիրախների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական թիրախների դեմ»,- նշել է նա։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն առաջին անգամ հաջող փորձարկել է բալիստիկ հրթիռ, որն ստացել է «Орешник» անունը։ Ըստ նրա՝ «Орешник»-ի օգտագործումը պատասխան է ՌԴ նկատմամբ ՆԱՏՕ-ի երկրների ագրեսիվ գործողությունների։

«ՌԴ-ն պատրաստ է վիճելի հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ ՌԴ-ն Ուկրաինայի և բարեկամ երկրների քաղաքացիներին կխնդրի լքել հնարավոր ոչնչացման գոտիները»,- նշել է նա։