Միջազգային

Բայդենը մտադիր է դուրս գրել Ուկրաինայի 4,6 միլիարդ դոլարի պարտքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է դուրս գրել ԱՄՆ-ին ուկրաինական 4,6 միլիարդ դոլարի պարտքը: Այս մասին ասվում է Բայդենի վարչակազմի՝ Կոնգրեսին ուղղված նամակում, որը որը հասանելի է Bloomberg լրատվական գործակալությանը։

Այդ գումարը կազմում է ինը միլիարդանոց փոխառության կեսը, որը Կոնգրեսն Ուկրաինային հատկացրել է այս տարվա գարնանը՝ Կիևին օգնության 60 միլիարդանոց փաթեթի շրջանակներում։

Ապրիլին այդ գումարը վարկի տեսքով հատկացվել էր հանրապետական օրենսդիրների նախաձեռնությամբ, ի սկզբանե այդ գաղափարն առաջ էր քաշել Դոնալդ Թրամփը։ Պարտքի ներման հնարավորությունը նախատեսված էր Կոնգրեսի որոշմամբ։

Ինչպես գրում Է Bloomberg - ը, նախագահ Բայդենի այս որոշումը վերջին ժամանակների մի քանի որոշումներից մեկն է, որի նպատակն է հնարավորինս շատ օգնություն տրամադրել Կիևին նրա նախագահության մնացած երկու ամիսներին: