Առնվազն 36 մարդ զոհվել, ևս 50-ը վիրավորվել է Սիրիայի Պալմիրա քաղաքում բնակելի տների և արդյունաբերական գոտու ուղղությամբ Իսրայելի հասցրած ավիահարվածների հետևանքով․ հայտնում են սիրիական պետական լրատվամիջոցները:
Միացյալ Թագավորությունում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը հայտնում է 41 զոհի մասին, որոնց կեսից ավելին օտարերկրյա քաղաքացիներ են: SOHR-ի տվյալներով՝ հարվածի են ենթարկվել Պալմիրայի երեք շրջանները։ Դրանցից մեկը բնակեցված է սիրիական «Հըզբոլլահ» խմբավորման և իրանամետ այլ շարժումների զինյալների ընտանիքներով, մյուսում տեղակայված է եղել զինապահեստ, երրորդում՝ կենտրոնակայան, որը նախատեսված է տարբեր իրանամետ խմբավորումների, այդ թվում՝ իրաքյան «Նուջաբայի» առաջնորդների հանդիպումների համար։
Sana լրատվական գործակալությունը, հղում անելով ռազմական աղբյուրին, հայտնել է, որ իսրայելական ինքնաթիռները գրոհել են Սիրիայի տարածքը Հորդանանի սահմանի կողմից տեղական ժամանակով մոտավորապես 13:30-ին և զգալի վնաս են հասցրել ենթակառուցվածքներին:
Իսրայելը հայտարարել է, որ չի մեկնաբանում օտարերկրյա հաղորդագրությունները: