Բայդենը թույլատրել է Ուկրաինային հակահետևակային ականներ մատակարարել՝ վերացնելով սեփական արգելքը. հայտնում է The Washington Post-ը։ Պարբերականը այս մասին գրում է՝ վկայակոչելով ամերիկյան երկու անանուն պաշտոնյաների։
Ենթադրվում է, որ ականները կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ ռազմի դաշտում, քան ATACAMS-ի հարվածները Ռուսաստանի տարածքին: Հակահետևակային ականներ ստանալու Ուկրաինայի առաջին փորձերը սկսվել են գրեթե 3 տարի առաջ՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբում։ Ռուսական ուժերը դրանք լայնորեն կիրառում են ճակատային գծի ողջ երկայնքով։
Պաշտոնյաներից մեկը նշել է, որ պահանջվող հակահետևակային ականի տեսակը «ոչ կայուն» տեսակի է, այսինքն՝ ականները ինքնաոչնչացվում են կամ կորցնում են մարտկոցի լիցքը, ինչը նրանց անգործուն է դարձնում մի քանի օր կամ շաբաթ հետո՝ նվազեցնելով քաղաքացիական բնակչությանը սպառնացող վտանգը:
Ուկրաինական կողմը պարտավորություն է ստանձնել այդ ականները չտեղադրել խիտ բնակեցված շրջաններում, իսկ Բայդենի վարչակազմը՝ պատերազմի ավարտից հետո աջակցել Ուկրաինայի ականազերծման ջանքերին: