«Անհրաժեշտ է աշխատել ամեն օր, ոչ թե հրաշք սպասել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից»․ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Ուկրաինայի Գերագույն ռադայում։
Նա նշել է, որ ամիսներ շարունակ Պոկրովսկն ու Կուպյանսկը ծանր փորձությունների միջով են անցնում․
«Հենց այնտեղ և այլ ուղղություններով Ռուսաստանն այս պատերազմում ամենամեծ կորուստներն ունեցավ։ Մենք բոլորս պետք է հասկանանք, թե ինչի համար է թշնամին վճարում այդ գինը․ Ռուսաստանն ուզում է կործանել մեր պետությունը, մեր մարդկանց։ Ուկրաինայի տոկունություն այս պատերազմում՝ Կուպյանսկից մինչև Պոկրովսկ և, հետագայում, Զապորոժյե, կարող է հիմնարար նախադրյալներ ապահովել այս պատերազմի արդար ավարտի համար», - ընդգծել է Զելենսկին ։
Նրա խոսքով՝ ուկրաինացիների տոկունությունից է կախված նաև Եվրոպայի ճակատագիրը, որ բոլորը կարողանան ազատ ապրել և չենթարկվել որևէ բռնապետի։
«Այս ճակատամարտը ոչ միայն Պոկրովսկի, Կուպյանսկի կամ մեր այլ քաղաքի, գյուղի մասին է, այլ ամբողջ Ուկրաինայի, Եվրոպայի, ամբողջ աշխարհի կարգի կամ քաոսի մասին։ Եվ քանի դեռ ամբողջ աշխարհը Թրամփից հրաշքի է սպասում, ես և դուք պետք է չսպասենք, մենք պետք է չկորցնենք տոկունությունը։ Մենք պետք է տքնաջան աշխատենք ամեն օր, ազգովի՝ հանուն պետության կայունության։ Առանձին-առանձին այս ճակատամարտում հաղթելն ուղղակի անհնար է»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։