Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար հրթիռների հարձակումների պատասխանը կլինի համարժեք և շոշափելի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Կիևի կողմից նման զինատեսակների օգտագործումն արմատապես կփոխի հակամարտության էությունը։
«Կիևի կողմից հեռահար հրթիռների օգտագործումը կնշանակի ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցություն Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին, ինչպես նաև այս դեպքում կլինի Ռուսաստանի արձագանքի էության և բնույթի արմատական փոփոխություն, որն է՝ համարժեք և շոշափելի»,- ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ դեռ հայտնի չէ՝ արդյոք այդ հայտարարությունները հիմնված են պաշտոնական աղբյուրների վրա, թե՞ ոչ։
«Մի բան պարզ է, որ Կիևի վարչակարգի պարտությունների ֆոնին նրա արևմտյան հովանավորները խաղադրույք են կատարում Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի առավելագույն սրման վրա՝ փորձելով հասնել պատրանքային նպատակի՝ Մոսկվային ռազմավարական պարտություն պատճառելու։ Սակայն ոչ մի հրաշք զենք, որի համար աղոթում են Զելենսկին և նրա կամակատարները, չեն կարող ազդել հատուկ գործողության ընթացքի վրա»,- ընդգծել է Զախարովան։
Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 25-ի խոսքերը, երբ ՌԴ ղեկավարը հստակ նշել էր, թե ի՞նչ է իրականում նշանակում ՆԱՏՕ-ի գերճշգրիտ հեռահար զենքի կիրառման «թույլտվություն» ձևակերպումը։
«Նա ընդգծել է, որ Ուկրաինան ինքը հնարավորություն չունի նման հարվածներ հասցնել առանց տիեզերական արբանյակների օգտագործման և ՆԱՏՕ-ի երկրների զինվորականների կողմից թռիչքային առաքելությունների ներդրման»,- պարզաբանել է Զախարովան։